Aravot.am-ը գրում է`
Այսօր ՕԵԿ խմբակցության վերցրած քսան րոպե ընդմիջման ժամանակ, դուրս գալով ԱԺ նիստերի դահլիճից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին`հետաքրքրվեց, թե ի՞նչ է վերջինս ուզում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից (Լիցկա): Սեյրան Սարոյանին դուր չէր եկել այն, որ նիստերի դահլիճում Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ վերջինս շրջանառության մեջ չի դրել իր հեղինակած հայտարարության նախագիծը`Սուրիկ Խաչատրյանին եւ նրա որդուն պատժելու մասին: Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը Սուրիկ Խաչատրյանի որդու քավորն է: «Ես քեզ որպես քաղաքական գործիչ հարգում եմ, բայց դու իրա ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Սուրիկը քաղաքական գործիչ ա, իրան ասա»,-վրդովվեց գեներալ-պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը երկար փորձում էր բացատրել, որ այն ինչ ինքը գրել է հայտարարության տեքստում, գործ նյութերով է ապացուցված: Գեներալն անդրդրվելի էր. – Մարդուն վարկաբեկելու հըմար, խելքդ քոնի չի: – Վարկաբեկել չի.. – Չի կարելի, ընտանիքներին կպնել, աղջիկ ջան, էլի եմ ասում, Սուրիկը քաղաքական գործիչ ա, իրան կպի, երբեք մի իջի ընտանիքին: Քու նման կնիկ ունի Սուրիկը, քու նման ընտանիք…բարոյական: Ավել-պակաս մի խոսա: – Ես իրա կնոջ հետ ինչ գործ ունեմ, բայց որդին, թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ … – Բա որ չապացուցես: – Ապացուցված ա: Կա փորձագիտական եզրակացություն Բուդաղյանների գործում: – Ես էլ ասում եմ`քո մարդն ու քո երեխեքն են նարկաման: Ամոթ ա, բազմազավակ մայր ես, ուրիշ երեխուն պետք չի վարկաբեկել: Կռվարար ա, կարաս ասես կռվարար ա, բայց չես կարա ասես նարկաման ա: – Ո՞վ է կրակել Բուդաղյանների վրա: – Ով ա եկել տան վրա, աղջիկ ջան, ընչի էին եկե տան վրա: Ընչի էին եկե Սուրիկի տան վրեն: Վեճին ներկա լրագրողները Սեյրան Սարոյանին հորդորեցին օբյեկտիվ լինել եւ եթե ասում է, թե եկել էին Սուրիկի տան վրա, ապա թող ասի նաեւ, թե ինչո՞ւ էին եկել: Սեյրան Սարոյանը վրդովվեց. «Դու ի՞նչ գիդես: Դու ընդեղ ե՞ս եղել»: Զարուհի Փոստանջյան- Սեյրան Սարոյան վեճը այնուհետեւ շարունակվեց նիստերի դահլիճում: Զարուհի Փոստանջյանը մոտեցավ Սեյրան Սարոյանին՝ իր նախագիծը մեկնելով նրան: Սեյրան Սարոյանը կրկին բորբոքվեց՝ պատռելով փաստաթուղթը, եւ պատգամավորին ասելով՝ «Էս ինչ ձեւի կենդանի ես»: Զարուհի Փոստանջյանը խոստացավ զանգել ոստիկանություն: Նրանց փորձում էին հանգստացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահրամ Բաղդասարյանը:
Աղբյուր` http://www.aravot.am/2015/05/18/572642/