Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 1-ի լույս օգոստոսի 2-ի գիշերը վիրավորում ստացած, մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը նույնիսկ կյանքի վերջին ժամերին, տոկունությունը չի կորցրել,ավելին՝ գոտեպնդել է հարազատներին։ Վերջին անգամ Սարգիսը հեռախոսով խոսել է հոր եւ հորեղբոր հետ։
«Հիվանդանոցից մեզ հետ շատ լավ էր խոսում, ասեց՝ հոպար, ուղղակի գոտկատեղիցս ներքեւ ոչ մի բան չեմ զգում։ Ինքը վիրավորվել էր թեւի տակից, գնդակը կպել էր թոքին, անցել էր ողնաշարին՝ վիրավորելով 6-րդ,7-րդ,8-րդ ողերը։ Հույս տվեցին, որ գոնե կապրի, բայց մի քանի ժամ անց սրտի անբավարարությունից մահացավ, մի քանի ժամ էլ որ ապրեց, իր հաղթանդամ լինելու, ֆիզիկական ուժի շնորհիվ էր։ Էդ ընթացքւմ, որ ինքը գտնվում էր հիվանդանոցում, հոր հետ խոսեց, ասեց՝ պապ ջան, լավ եմ, չգաս, դրանից մի քանի ժամ անց մահացավ»,- NEWS.am-ին պատմեց Սարգիսի հորեղբայրը՝ Արմավիրի մարզի Մայիսյան համայնի ղեկավար Եսայի Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ իր զարմիկը ֆիզիկապես ուժեղ էր, զբաղվում էր բազկամարտով, մասնակցել էր բանակային 20-րդ Սպարտակիադային, բազկամարտի մրցույթներին։
Սարգիսի զորամասի հրամանատարի տեղակալը, որն այսօր առավոտից զոհված զինծառայողի հարազատների հետ էր, մեր թղթակցին պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։
«Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 2-ի սահմանում հակառակորդը մեծաքանակ՝ 30-35 հոգանոց խմբով հարձակվել է մեր դիրքերի վրա, որտեղ պետական սահմանի պահպանություն էր կատարում Սարգիսը։ Մենք արժանի հակահարված ենք տվել, իրենք մեծ տրամաչափի գնդացիրներով գնդակոծել են, Սարգիսն այդ ընթացքում վիրավորվել է, ու իրեն տեղափոխել են հոսպիտալ։ Սարգիսը շատ քաջ, հաղթանդամ զինվոր էր»։
4 ամսից Սարգիսը զորացրվելու էր։ Նրա ծնողները երեկ ՌԴ-ից վերադարձել են Հայաստան։ Հորեղբոր խոսքով՝ Սարգիսը բազմիցս ասել էր, որ զորացրվելուց հետո չի գնալու ծնողների մոտ Ռուսաստան. «Ասում էր՝ մնալու եմ մեր գյուղում, պապիս ու տատիս տունը շենացնեմ»։