ԼՂՀ ՊԲ-ն տարածել է տեսանյութ, որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի՝ հենակետում գտնվող անձնակազմը գործել էր կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ էր շպրտվել:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը: