Մարին տեւական ժամանակ է` ստեղծագործական դադարի մեջ է, իսկ որպես պատճառ նշվում է նրա` ընտրյալ ունենալու հանգամանքը: Խոսակցությունների ալիքը նոր թափ առավ պրոդյուսեր, հաղորդավար Ալեն Սիմոնյանի հարսանիքից հետո, որին երգչուհին ներկայացել է Վահե անունով մի երիտասարդի հետ:
BRAVO.am-ի հետ զրույցում Մարին չհերքեց, որ սիրտն այլեւս զբաղված է, բայց այլ մանրամասներ էլ չշտապեց հաղորդել.«Շատ բաներ ասել չեմ ուզում, քանի որ նախընտրում եմ անձնական կյանքս չհանրայնացնել: Միայն կնշեմ, որ այս տարի ո՛չ նշանվելու, ո՛չ էլ ամուսնանալու եմ»:
Ինչ վերաբերում է կարիերային, երգչուհին իսկապես երգարվեստ վերադառնալու ցանկություն չունի.«Հասկացա, որ աշխատանքային ոլորտս փոխելու ժամանակն է: Հիմա բոլորովին այլ գործով եմ զբաղվում, որը ոչ մի կապ չունի երգչուհու ու լեզվաբանի իմ մասնագիտությունների հետ»,- ասաց նա` նշելով` այնուամենայնիվ, շատ է կարոտում Երգի թատրոնում սովորելու եւ ստեղծագործական բուռն կյանքով ապրելու տարիները:
Մարիի խոսքով` որոշումն ինքն է կայացրել.«Ոչ ոք երբեք չի միջամտել: Այժմ շոու բիզնեսը շատ է փոխվել. լավորակ երգեր, տեսահոլովակներ նկարահանելու համար մեծ գումարներ են հարկավոր, որոնք արտիստը անվերադարձ ներդնում է սիրելի գործի մեջ: Այս պահին լավ գիտակցում եմ, որ տեսահոլովակ նկարահանելն ինքնանպատակ է եւ մի քանի շաբաթ հեռուստատեսությամբ երեւալուց բացի ոչինչ չի տալիս, իսկ ոլորտում մնալու համար պետք է գումար աշխատել: Երբեք չեմ մեղադրել ու չեմ մեղադրի այն երգիչ-երգչուհիներին, ովքեր ռեստորաններում կամ ակումբներում են երգում, հարսանիքներին եւ այլ խնջույքների երգելու պատվերներ ընդունում, բայց գումար աշխատելու այդ միջոցն անձամբ ինձ համար անընդունելի է»:
Օպերային թատրոնի շրջակայքում քայլելիս նա ուշադիր պաստառներին է նայում` հույս ունենալով, որ էստրադային համերգի աֆիշա կտեսնի.«Մի շրջան կար, որ գրեթե ամեն ամիս հայաստանյան համերգասրահներում մեծ համերգներ էին լինում Անդրեի, Արսեն Սաֆարյանի, Վարդուհի Վարդանյանի եւ այլոց մասնակցությամբ: Նրանք այդ կերպ ուրախացնում էին իրենց երկրպագուներին, հաճելի ժամանակ պարգեւում, նաեւ գումար վաստակում: Հիմա ամեն բան փոխվել է: Երբ հին ժամանակները հետ գան, միգուցե նորից սկսեմ իմ սիրելի գործով զբաղվել»: